Ցավալի է տեսնել, որ մեր ռուս գործընկերները, խոսելով եռակողմ հայտարարության մասին, շրջանցում են գերիների հարցը․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ցավալի է տեսնել, որ մեր ռուս գործընկերները, խոսելով եռակողմ հայտարարության մասին, շրջանցում են գերիների հարցը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։ Եվ շատ դեպքերում, երբ մեր ռուս գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության մասին, ինձ համար ցավալի է տեսնել, որ իրենք գերիների հարցը շրջանցում են», – ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե ցանկություն կա կարևորելու եռակողմ հայտարարությունները, պետք է առաջին հոդվածից սկսել կարդալ եւ տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել:
«Իհարկե, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է։ Մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է: Երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, դրան նախորդող շրջանում էլի շատ հարցեր էին տրվում, և ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, և դա ամենօրյա է: Շատ երկար տևեց այդ ամեն ինչը, և մարդիկ, երբեմն նաև հուսահատվում են, տպավորություն են ստանում, որ ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպիսին չէ»,-ասաց Փաշինյանը:

