Բագրատ արքեպիսկոպոսը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը

26.05.2024, 20:12
Բագրատ արքեպիսկոպոսը խնդրել է Վեհափառին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը, քանի որ դա անհամատեղելի է վարչապետի թեկնածուի կարգավիճակի հետ
Բագրատ արքեպիսկոպոսը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խնդրել է Վեհափառին սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը, քանի որ դա անհամատեղելի է վարչապետի թեկնածուի կարգավիճակի հետ։

Այսօր հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարեց, որ իրենց շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

«Անկեղծորեն ասած, չգիտեմ նույնիսկ ինչ ասել: Ես չեմ ունեցել, հիմա էլ չունեմ, վաղն էլ չունեմ ոչ այդ պաշտոնի, ոչ էլ մնացած աստիճանների ակնկալիքը», – ասաց Սրբազանը, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն ինքն է:

Նա նշեց, որ այս իմաստով նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ՝ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իր հոգեւոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում և ընթացքում անդրադարձ են ունեցել, որ նա իր հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան:

«Այդ պատճառով ես Վեհափառ հայրապետին և իմ հոգեւոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգեւոր ծառայությունը սառեցնել, և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար: Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, պետության զոհասեղանին»,-ասաց նա: