Բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին նկարել պետական պաշտոնյաներին ու նկարն ողարկել իրեն, եթե պաշտոնյանը ծխում է բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում։
«Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո: Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Հայաստանում 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտել սրճարաններում, ռեստորաններում և հանրային սննդի օբյեկտների այլ տարածքներում, այդ թվում՝ բացօթյա տարածքներում ծխելու արգելքը։
Օրենքով սահմանված արգելքը խախտելը հանգեցնում է միջինը 150-200 հազար դրամի տուգանքի պաշտոնատար անձանց համար (380-506 դոլար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ 50 հազար դրամ (ավելի քան 125 դոլար)։ Օրենքի այս դրույթի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։

