Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները

12.02.2021, 20:38
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Երևանի Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը և կոչ է արել ավտոերթ կազմակերպել դեպի Սյունիք։

Այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմության «շտապ հանրահավաքը», որի մասին նախօրեին հայտարարել էր Վազգեն Մանուկյանը։ Նա նախօրեին հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ «կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները»։

«Սա (Ազատության հրապարակը, խմբգր.) մեր շտաբն է, և մենք կհեռանանք այս շտաբից, երբ հեռանա Նիկոլը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խմբգր)», – հայտարարեց նա։

Մանուկյանը նշեց, որ ամեն օր գալու է Ազատության հրապարակ։

«Ես` ինքս, գոնե երկու ժամ, ասենք` 17։00–ից մինչև 19։00–ն, կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ։ Եկեք հավաքվենք ու միասին քննարկենք։ Պարտադիր չէ անցկացնել հանրահավաք։ Սա այն վայրն է, որտեղ մենք` մեկ գաղափար, մեկ սիրտ ունեցող մարդիկ, կհանդիպենք, միմյանց ուժ կհաղորդենք, կգործենք», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Մանուկյանը տեղեկացրեց, որ կդիմի «Հայրենիքի փրկության շարժմանը», որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում Երևանում հարյուրավոր մեքենաներով մեկնեն Սյունիք։

«Կմեկնենք Սյունիք, թող հակառակորդն իմանա, որ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար», – հայտարարեց նա։

Մանուկյանը նշեց, որ փետրվարի 20–ին կկազմակերպվի հանրահավաք, որի ընթացքում ամեն ինչ վերջնականապես կպարզվի։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջերս արված հայտարարությունից հետո իրարանցում էր առաջացել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ նոր, գաղտնի փաստաթղթի հնարավոր ստորագրման կապակցությամբ։ Նա նշել է, որ Կապան այցելելուց հետո իմացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հուշագրի ստորագրման մասին, որը կարգավորում է երթևեկությունը Գորիս–Կապան ճանապարհով։

Փետրվարի 10–ին ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ տեղյակ չէ որևէ փաստաթղթի մասին առանց ռուսական միջնորդության։ Նա նաև հայտարարել է, որ բացի հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից կա ևս մեկ պայմանավորվածություն Գորիս–Դավիթ Բեկ հատվածի մասով, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճահարույց հատվածներով։ Նա նաև նշել է, որ մտադիր չէ քննարկել այդ հարցը խորհրդարանում, քանի որ շատ ասպեկտներ «պետական գաղտնիք են», սակայն պատրաստակամություն է հայտնել կիսվել տեղեկատվությամբ պատգամավորների հետ փակ նիստի շրջանակում։

ՀՀ պաշտպանության նախարարություն իր հերթին մեկնաբանել է Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության ապահովման հետ կապված իրավիճակը։–0–