Ազատ են արձակվել ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի մեջ կասկածվողները, այդ թվում` Իսրայել Հակոբկոխյանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ազատ են արձակվել ՀՀ կառֆավարության շենքը զավթելու փորձի մեջ կասկածվող 5 անձինք, այդ թվում` բռնցաքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով
Հունվարի 28–ին «Ժողովրդական հանրահավաքի» մասնակիցները, գտնվելով Գլխավոր դատախազության շենքի մոտ, պահանջում էին հանդիպել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, սակայն որոշել են շարժվել դեպի կառավարության շենք, ներս մտնել և այնտեղ սպասել գլխավոր դատախազին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք պահանջում էին ձերբակալել կառավարության ղեկավարին։
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը կասեցրել է կառավարության շենք ներխուժելու փորձերը։–0–