Այս գիշեր աշնանային գիշերահավասարն է, արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ

22.09.2022, 19:37
Այս գիշեր աշնանային գիշերահավասարն է, արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ
Այս գիշեր աշնանային գիշերահավասարն է, արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շուտով աստղագիտական աշնան սկիզբն է: Սեպտեմբերի 23-ին ժամը 05։03-ին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ: Արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ:

Այս մասին նշվում է Բյուրականի աստղադիտարանի Facebook–յան էջում։

Երևույթը կոչվում է աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։ Նշվում է նաև, որ իրական ցերեկն ավելի երկար է տևում "ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):

Նշվում է նաև, որ եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:–0–