Այս դեպքը կարող էր բերել զոհերի. Ավինյանը` մետրոյում տեղի ունեցած միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
10:58
03 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է ապրիլի 1–ին մետրոյում տեղի ունեցած միջադեպին, որի պատճառով մետրոն որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում, ինչի հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել», – ասաց Ավինյանը։
Նա նաև նշեց, որ այս տեսաակ վերաբերմունք կարող է դրսևորվել նաև բազմաբնակարան շենք կառուցելիս։
«Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը։ Ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում», – ասաց Ավինյանը։–0–
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ