Այն քաղաքացիները, ովքեր մինչև փետրվարի 1–ը չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից, հայտնում են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԷՆԳ)։
ԷԿԷՆԳ–ից հայտնում են, որ այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։
«Այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով: Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա», – նշվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ սպասարկման կենտրոն: +374 60 464504
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, հայտարարել է, որ որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3000 դրամը։