ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում լայն տարածում ունի կորոնավիրուսի «դելտա» շտամը, որը բավականին տևական ժամանակ է՝ շրջանառվում է ամբողջ աշխարհում, նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը։
«Բացի այն, որ այս շտամն ավելի ծանր ընթացք է ունենում, ավելի բարձր մահացության թվեր է տվել ամբողջ աշխարհում, հիմա այս շտամով հիվանդացողների ռիսկի խումբը փոխվել է, ախտահարվում են ավելի երիտասարդ անձինք»,- նշեց կենտրոնի փոխտնօրենը։
Բակունցի խոսքով, եթե նախկինում կորոնավրուսով վարակվողների ռիսկի խումբը 65 տարեկան և բարձր էր, ապա «դելտա» շտամի դեպքում 65-ից բարձր խումբն այլևս միակ ռիսկի խումբը չէ:
«Ընդհակառակը, այս «դելտան» ջահելացրել է հիվանդներին, և հիմնական հիվանդացողները 5-ից 40 տարեկան, հիմնականում, աշխատող անձինք են։ Եվ այս ռիսկի խմբի փոփոխությունը հիմնավորումից մեկն է, որ այս կարգավորումը մտցվել է»,-ասաց Նունե Բակունցը:
Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ներդրվում է պահանջ, ըստ որի` աշխատողները պետք է 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքը, կամ պատվաստվեն, հակառակ դեպքում գործատուն կտուգանվի, նա նաև իրավունքի ունի աշխատանքից ազատել աշխատողին։
Загружается новость ... "Лево"
Ըստ Նունե Բակունցի՝ եթե մինչև հիմա վարակը կանխելու միջոցը եղել է անհատական պաշտպանությունը, դիմակներ կրելը, ձեռքերն ախտահանելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, ապա հիմա կա պատվաստանյութ, որը կարող է փրկել ծայրահեղ ծանր դեպքերից:
«Սա մի արդյունավետ միջոց է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Տարբեր երկրներում թեստավորումը տարբեր հաճախականություն ունի՝ 3 օրը մեկ, 7 օրը մեկ, և արգելում են ոչ միայն աշխատանքի գնալ, այլև հասարակական վայր մտնել առանց թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման վերաբերյալ ապացույցի»,-ընդգծեց Բակունցը:
Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանն իր հերթին նշեց, որ չի կարելի արդարացնել նախարարության գործունեությունը, քանի որ գործատուն, ըստ Աշխատանքային օրենսգրքի, իրավունք չունի թեստի բացակայության կամ չպատվաստման դեպքում աշխատակցին ազատել։
«Անցած տարի վատնվել են միլիարդավոր դրամներ կոնտակտավորների չեզոքացման համար, իսկ հիմա պարտադրում են մարդկանց, որ ամսական 30 հազար դրամ տան թեստերի համար։ Կրկնում եմ, որ Առողջապահության նախարարությունը ստացել է կես մլն դոլար, որպեսզի իր իսկ թեստը մշակի, բայց մենք չտեսանք այդ թեստը։ Այսինքն, էֆեկտիվ աշխատանք կատարելու փոխարեն, նախարարությունը հանդես է գալիս անտրամաբանական քայլերով»,- նշեց Բարսեղյանը:
Նա հավելեց նաև, որ 65-70 հազար դրամ աշխատավարձ ստացողին պարտավորեցնել 30 հազար դրամ տալ թեստերի համար, անտրամաբանական է։
«Չի կարելի 60-65 տարեկան կանանց, որոնք մեր բնագավառում տասնյակ հազարավոր աշխատատեղեր են զբաղեցնում, և, հիմնականում, ունեն առողջական խնդիրներ, պարտադրել, որ իրենց ստացած աշխատավարձից 30 հազար դրամ տան թեստավորվելու համար: Սա բարձրացնելու է բողոքների մեծ ալիքը»,- ասաց Ռեստորանների ասոցիացիայի նախագահը:
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վիոլետ Զոփունյանն էլ նշեց, որ չի կարելի պաշտպանիչ միջոցները և սանիտարական պայմանների կարգավորումը և դրանց պահպանումը տեղափոխել կանխարգելիչ դաշտից պատժիչ դաշտ, քանի որ այն չի բերելու դրական միտվածության։
«Այս օրենքում ոչ թե մեկ հակասություն է, այլ հակասությունների փաթեթ է: Բացերն ու խնդիրներն այս դեպքում շատ են, քանի որ մարդն ընտրության հնարավորություն չունի: Կան խտրականության իրավունքի խախտումներ, հատկապես հանրաին ծառայության ոլորտում»,-ասաց Զոփունյանը։
Նունե Բակունցը չհամաձայնեց՝ նշելով, որ Սահմանադրությամբ ասվում է, որ պետք է պաշտպանել յուրաքանչյուր մարդու առողջությունը։
«Կարևոր է վարակի տարածման կանխարգելումն աշխատավայրերում, դրա համար էլ կարգավորում է մտցվել, և կա ընտրություն: Վերոնշյալ թեստերը արվել են, և իրենց արդյունքը ցույց են տվել»,-ասաց Նունե Բակունցը։
Նա հավելեց նաև, որ պատվաստված անձը, եթե անգամ հիվանդանա, ծանր հետևանք չի թողնի, որովհետև ինչքան շատ աշխատող վարակվի, այդքան ավելի շատ է տուժում աշխատանքը: Կարող է հիվանդանալ, բայց պատվաստումը վարակման բեռը նվազեցնում է։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Նինա Հակոբյանն էլ նշեց, որ բնակիչներին կամավոր ձևով հարկադրում են պատվաստվել, քանի որ թեստավորումն ամիսը 2 անգամ 30 հազար դրամ արժե, իսկ պատվաստումն անվճար է։
«Այս դեպքում միջին և միջինից ցածր աշխատավարձ ստացող անձը կանգնում է հարկադրված պատվաստվելու խնդրի առջև: Ստացվում է մեզ քողարկված ձևով հարկադրում են պատվաստվել»,-ասաց իրավաբան Նինա Հակոբյանը:-0-