Աշխարհահռչակ մարդիկ արձագանքել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելուց հետո բազմաթիվ հայտնի մարդիկ սկսեցին մեկնաբանել այդ իրադարձությունը` ոգևորությամբ հղելով երախտիքի խոսքեր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունել են թիվ 296 բանաձևը, որով ճանաչում ու դատապարտում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթի կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ` 11–ը, ձեռնպահ է մնացել 3 կոնգրեսական։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երաժիշտների, արտիստների, ռեժիսորների և անգամ քաղաքական գործիչների խոսքերը։
Սերժ Թանկյան
Հայտնի երաժիշտ, System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարծում է, որ այս գործողությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծ քայլ կատարեց դեպի արդարություն։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր մեծ քայլ կատարեց դեպի արդարություն` պատշաճ կերպով հարգանքի տուրք մատուցելով պատմությանն ու ֆորմալով կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսի բազմաթիվ առաջնորդներ և անհատներ տասնամյակներ շարունակ անդադար աշխատել են, որպեսզի այս ամենը տեղի ունենա», – գրել է նա Instagram–ի իր էջում։
Թանկյանը նշել է, որ դա չի փոխհատուցի հայրենիքի այն հսկայական կորուստը, որը կրել է մի ամբողջ սերունդ, սակայն այն հարգանքի տուրք է նախնիներին։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնել են անել դա», – ավելացրել է Թանկյանը։
Էրիկ Էսրաիլյան
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն Instragram–ի իր էջում հրապարակել է The New York Times–ի նյութը` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին ու շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աշխատել են այդ բանաձևի վրա։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր անդադար աշխատել են այս պատմական օրվա համար` ի նշան Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի ճանաչման։ Շնորհակալություն այն քաջասիրտ հոգիներին, ովքեր արդեն մեզ հետ չեն, դուք արեցիք դա, և մենք հենվում ենք ձեզ», – գրել է Էսրաիլյանը։
Քրիս Քորնելի այրին
Հայտնի ամերիկացի երաժիշտ, ով SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ գրել է «Խոստումը» ֆիլմի սաունդրեքը, Քրիս Քորնելի այրին` Վիքքին, մեկնաբանություն է թողել Էսրաիլյանի գրառման տակ` նշելով. «Մենք չպետք է մոռանանք»:
Անժելա Սարաֆյան
«Խոստումը» ֆիլմում նկարահանված Անժելա Սարաֆյանն Instagram-ի իր Stories-ում նույնպես հրապարակել է The New York Times-ի նյութի սքրինշոթը:
Քարդաշյան քույրեր
Քիմ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միանգամից մի քանի հրապարակում է արել Instagram-ի իր Stories-ում:
«Մենք պատմություն ենք կերտում», - գրել է նա, ինչպես նաև տեղադրել է քվեարկության վերջնական տվյալների սքրինշոթը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Twitter-յան գրառումը և The New York Times-ի հրապարակման սքրինշոթը:
Քորթնի
Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնին, Instagram-ի իր էջում կոչով դիմել է Կոնգրեսին:
«Այսօր Ներկայացուցիչների պալատը քվեարկել է թիվ 296 բանաձևի օգտին, որով ճանաչում է Հայող ցեղասպանությունը: Դա անձնական հարց է իմ և ցեղասպանությունը վերապրած միլիոնավոր հայերի ժառանգների համար: Ասեք կոնգրեսին, որ ժամանակն է գործել», - գրել է նա:
Քլոե
Քիմ Քարդաշյանը մյուս քույրը` Քլոեն, չնայած իր զբաղվածությանը, ոգևորությամբ է ընդունել այս լուրը:
«Ամբողջ օրը զբաղված եմ եղել գովազդում նկարահանումներով և հանկարծ իմացա, որ Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա շատ կարևոր է հայերի համար», - գրել է նա Instagram-ի իր Stories-ում:
Ալեքսիս Օհանյան
Reddit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը Twitter-ի իր միկրոբլոգում նույնպես ոգևորությամբ է արտահայտվել այս նորության կապակցությամբ:
«Կոլումբիայի շրջանից այսօր հիասքանչ նորություններ են գալիս. Ներկայացուցիչների պալատում կա Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Դեպի Սենատ…», - գրել է նա` ակնհայտորեն ցանկանալով նշել, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հաջորդ քայլը պետք է դառնա այդ օրինագծի քննարկումը և հաստատումը Սենատում:
Կարո Փալյան
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում գրել է, որ տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը:–0–