Առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ պոլիկլինիկաներում հասանելի կլինեն AstraZeneca–ի պատվաստանյութերը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը շուտով կսկսի AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ամերիկյան FDA-ը, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Պատճառահետևանքային կապ գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև չի հայտնաբերվել»,- ասել է Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությանը կից գործող մասնագետների խորհուրդը ուշադրությամբ հետևում է զարգացումներին:
«Ուրբաթ օրը ժողով է պլանավորվում, որի ընթացքում կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ պատվաստանյութի ցուցումների մեջ, ըստ որի՝ պատվաստանյութի տարիքային շեմը բարձրացվել է: Ըստ այդմ մեր գործողությունները կկառուցենք», - ասել է նախարարը՝ ավելացնելով, որ բոլորին խորհուրդ է տալիս պատվաստվել, քանի որ դա կօգնի հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին:
Նախարարի խոսքով, պատվաստանյութերը դեռ պետք է մաքսազերծվեն ու մի շարք այլ գործընթացներ անցնեն: Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին դրանք արդեն հասանելի կլինեն թե Երևանում, թե մարզերում: Իսկ մինչ այդ կազմակերպվում են հանդիպումներ պոլիկլինիկաների տնօրենների հետ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների տարողունակությունը, դրանք համալրվում են, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:
Նշենք, որ մարտի 28–ին Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:
Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առողջացած, 3533-ը` մահվան ելքով։–0–