ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-յան իր էջում։
«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր», – նշել է Դանիելյանը։
Նա հիշեցրել է, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով:
Նախօրեին
հաղորդել էինք, որ Երևանի Արցախի պողոտայում նորածին է գտնվել` կիսամերկ վիճակում։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182–րդ (Վտանգի մեջ թողնելը) և 247–րդ հոդվածների (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։ Ձեռնարկվում են միջոցառումներ ծննդաբերած կնոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։–0–