Առայժմ` առանց մեկնաբանության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր Facebook–յան էջում հրապարակել է ԱԱԾ–ի տեսանյութը։
«Առայժմ` առանց մեկնաբանության», – գրել է վարչապետը։
Նշենք, որ այսօր ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով որոշ մանրամասներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործի մասին և հորդորելով ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 21–ին հրապարակեվ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ըստ որոշման ԲՀԿ առաջնորդը չկալանավորվեց։ Դատախազությունից հայտնել են, որ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում։
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից:
ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-