Արարատ Միրզոյանը խոսել է հեղափոխությունից հետո ձեռք բերված ունեցվածքի մասին

04.10.2019, 17:34
Արարատ Միրզոյանը խոսել է հեղափոխությունից հետո ձեռք բերված ունեցվածքի մասին:
Արարատ Միրզոյանը խոսել է հեղափոխությունից հետո ձեռք բերված ունեցվածքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում խսել է հեղափոխությունից հետո ձեռք բերված ունեցվածքի մասին։

«Կինս վարկով մեքենա է ձեռք բերել։ Չեմ հիշում` դա այն ժամանակ էր, երբ զբաղեցնում էի առաջին փոխվարչապետի պաշտոնը, թե երբ արդեն դարձա խոսնակ։ Ունեի մեկ սենյականոց բնակարան, որը վաճառել ենք և այդ գումարն օգտագործել ենք որպես կանխավճար ու հիփոթեքով ձեռք բերել ավելի մեծ բնակարան», – ասաց նա։

Արձագանքելով լրագրողների այն հայտարարությանը, թե ԶԼՄ–ները հայտնում են, որ պատգամավորները 8 ամսում ձեռք են բերել հողատարածքներ և մեծ գույքեր` Միրզոյանը հայտարարեց, որ եթե կան տեղեկություններ ապօրինի ունեցվածքի մասին, ապա ԶԼՄ–ները պետք է հրապարակեն դա։

«Որ ուժի ներկայացուցչին էլ սա վերաբերի, ես գտնում եմ, շեշտում եմ` դա չի կաշկանդի մեզ և համապատասխան իրավապահ մարմիններին գործընթացն իրականացնել այնպես, ինչպես դա սահմանվում է օրենքով», – հայտարարեց Արարատ Միրզոյանը։–0–