ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը:
Առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կսահմանվի տարեկան 200.000 դրամ:
Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները: Կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում կսահմանվի վարչական տույժ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների շարժը կարգավորել և զբոսաշրջիկներին զերծ պահել հնարավոր խաբեությունից:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում