Անվերահսկելի քաո՞ս, թե՞ պայքար դեպրեսիայի դեմ. Ավինյանի խորհրդականը բացատրել է տնտեսական գործունեության սահմանափակումների հանման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տնտեսական սահմանափակումների վերացումը դրական ազդակ չէ, նախօրեին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
Սա դրական ազդակ չէ
«Մենք կփորձենք մատչելի ձևով ներկայացնել մնացած բոլոր սահմանափակումներն ու բիզնեսի աշխատանքի նկատմամբ պահանջները, սակայն չէինք ցանկանա, որպեսզի հասարակությունը մեղմացումն ընկալի որպես դրական ազդակ», – ասել է Բաբայանը։
Նա նշեց, որ պարետատունը ղեկավարվել է արտակարգ դրության պայմաններում վերահսկման նկատմամբ ռազմավարական մոտեցումներով, երբ արդեն պարզ դարձավ, որ դա հեռավոր դիստանցիայի վազք է։ Պետք էր հավասարակշիռ բաշխել ուժերն ու ռեսուրսները` ինչպես առողջապահության ոլորտի, այնպես էլ տնտեսական հնարավորությունների մասով։
Նրա խոսքով, ակնհայտ էր, որ կլինեն դժվարություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն ներքին իրավիճակով, այլև գլոբալ իրականությամբ։ Այդ պատճառով պարետատունն ընդունեց փուլային ռազմավարություն ինչպես տեղաշարժման, այնպես էլ տնտեսական գործունեության սահմանափակումների կառավարման մասով` ելնելով առողջապահության համակարգի հնարավորություններից և հիվանդության տարածման ինտենսիվությունից։
Անվերահսկելի քաո՞ս, թե՞ պայքար դեպրեսիայի դեմ
Ներկա մեղմացումները, նրա խոսքով, նպատակաուղղված են վերջերս դրսևորվող բնակչության սոցիալ–հոգեբանական դեպրեսիվ վիճակի որոշակի թուլացմանը, ինչպես նաև նոր սոցիալական վարքի ձևավորմանը։
«Մենք արդեն չենք կարող 100%–ով նույնականացնել շփման շրջանակը, իսկ դա նշանակում է որոշակի ռիսկեր։ Եվ երբ մենք այսօր խոսում ենք տնտեսությունը «բացելու» մասին, հարկավոր է հաշվի առնել, որ մենք դա չենք անում հանրային առողջության համատեքստում անվերահսկելի քաոս ստեղծելու համար», – ասել է Բաբայանը։
Նրա խոսքով, իշխանությունները ստանում են հազարավոր դիմումներ, որտեղ նշվում են դժգոհություններ սահմանափակումների պատճառով, ինչպես նաև քաղաքացիները հայտնում են պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին։
Բիզնեսը վերահսկողության տակ է
Նա հիշեցրել է, որ տնտեսության բոլոր ոլորտների համար գործելու են որոշակի նախապայմաններ, պահանջներ և սոցիալական հեռավորություն պահպանելու սահմանափակումներ, որոնք հրապարակվել են` ըստ ոլորտների։
«Կան անվտանգության կանոններ, որոնք պարետատունն ու կառավարությունը կոչ են անում կիրառել, հիմա դրանք պարտադիր են, և գործարկվելու են վերահսկողության մեխանիզմներ», – ասաց Բաբայանը։
Վտանգն անցե՞լ է
«Անհրաժեշտ է գիտակցել, որ վտանգը չի անցել, մենք դեռ չենք հաղթահարել ճգնաժամը։ Մենք պարզապես կառավարում ենք որոշակի ռազմավարական սցենարների գործընթացը, սակայն չի բացառվում, որ կարող ենք վերադառնալ նաև խիստի սահմանափակումների, ամեն ինչ կախված է բիզնեսի, հասարակության պատասխանատվությունից, սոցիալական վարքից և անձնական պատասխանատվությունից», – ասել է Բաբայանը։
Մայիսի 4–ի ժամը 11–ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 2507 դեպք, 1071 մարդ առողջացել է, 39 մարդ, ցավոք, մահացել է։–0–