«Անասուն, ոչխար, մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում»․ լարված իրավիճակ՝ Ավագանու նիստում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվել է։
ՔՊ խմբակցության անդամները հարձակվել են «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի վրա վերջինիս ելույթից հետո:
Զարոկյանն իր խոսքում ասաց, որ կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը և ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների անվտանգության, առողջության վրա։
«Մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում: Վերջերս «Հետքը» պարզեց համակարգային կոռուպցիայի մասին՝ պարոն Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում, որտեղ աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակից, որից երեքն աղջիկներ էին, հիմնականում իրավապահ պաշտոնյաների հարազատներ, 540 հազար դրամ աշխատավարձ մեր փողերով: Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՆԻՖ-ի գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ օրական 24-ժամյա անվտանգություն:
Պարոն Ավինյան, գոնե այնպես աշխատանքը կազմակերպեիք, որ հավատայինք, որ օրինակ ձեր վարորդները, դուռ բացողները, զոնտիկ բռնողները… չէ որ դուք 86 հազար դոլարանոց «Մերսեդես» եք գնել վերջերս: Իսկ դուք գիտե՞ք, որ Բևերլի Հիլսում, Լոս Անջելեսում, այլ հարուստ քաղաքներում ընդհանրապես մեքենա չունեն քաղաքապետները, վարորդներ չունեն: Ժողովրդավարական երկրներում վաղուց քրեական գործ կհարուցվեր այդ անձի դեմ: Ժողովրդավար երկրներում իշող կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ: Իսկ մեզ մոտ տպավորություն է, որ այդ թալանած փողերը ձեր մեջ եք բաժանում»,-ասաց նա՝ ցուցադրելով Երևանի դպրոցների փոսերով մարզադահլիճների լուսանկարները:
Այս հուզական ելույթի ընթացքում Զարոկյանի խոսափողն անջատեցին, սակայն նա բղավելով շարունակում էր խոսել։
«Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ անում եմ նկատողություն: Դուք հնարավորություն այլևս չեք ունենալու խոսելու, ձեր ժամանակն ավարտվեց: Դատարկաբանությանը, դատարկ, փուչ խոսքերին չի կարելի արձագանքել: Դուրս եկեք, պարոն Զարոկյան։ Երեխաների անվտանգությունից ելնելով՝ ձեր նման անձանց դպրոցներ չենք կարող թույլ տալ մտնել», – ասաց Ավինյանը։
ՔՊ խմբակցությունից մի քանիսը ոտքի կանգնեցին և «Արի ստե, ասեմ» բղավելով փորձում էին հարձակվել Զարոկյանի վրա, սակայն մյուսները բաժանեցին:
Ընդդիմադիր խմբակցության անդամը դուրս եկավ դահլիճից՝ բղավելով. «Անասուն, ոչխար»:
«Պարոն Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ երեւի իր կինն է կանգնած ու մտածում է, որ կարող է անպատիժ դուրս գալ սրանից: Պարոն Զարոկյանին, կարծում եմ՝ օգնության կարիք կա: Վերջ, չենք արձագանքում: Երևանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք, հանգիստ: Այդուհանդերձ, ես մի քանի բանի կարձագանքեմ: Պարոն Զարոկյանն ասաց՝ զոնտիկ բռնող, անվտանգության աշխատակից, չգիտեմ ինչ: Ես ուզում եմ հատուկ տեղեկացնել բոլորին, որ ես չունեմ անվտանգության աշխատակից, զոնտիկ բռնող չունեմ, առհասարակ շատ հաճախ Երևանում քայլում եմ մենակ, ընկերներիս հետ, ավտոմեքենան էլ հիմնականում մենակ եմ վարում», – ասաց Ավինյանը։

