ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում որոշում է ընդունել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ փոփոխությունների, Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։
Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 53 կողմ, դեմ` 16–ը, 3 պատգամավոր ձեռնպահ մնաց:
Ինչպես նշել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է:
«Մենք ավելի շատ լուծում ենք մշակութային ու կրոնական հարցեր: Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,- ասաց Քերոբյանն` ավելացնելով, որ ՝ ամանորյա տոները կրճատելու մասին իրենց ներկայացրած նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է:–0–