Աղազարյանը հեռացվեց ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշվում է վարչության հաղորդագրության մեջ։
Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հորդորել է Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը։ Աղազարյանը լրագրողներին ասել է, որ չի հրաժարվի մանդատից՝ հետևելով ռուսաստանցի մանկության ընկերոջ խորհրդին՝ «խորը ափսոսանք» հայտնելով, որ ստիպված է մերժել վարչապետի հորդորը։
Աղազարյան VS Քյարամյան
Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։
Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։
Քրեական գործ
Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։