ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի../Նովոստի–Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք, նշվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին ԶԼՄ–ները հաղորդել էին, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի», – հայտնում են Քաղաքացիական ավիացիայից:
Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։
«Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Քաղավիացիայից հավելեում են նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
«Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–