Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան

10.11.2022, 11:47
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար
Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 8–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արված հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ։

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ–ին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով, տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի 31–ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։

«Ի հեճուկս Սոչիի` հոկտեմբերի 31–ի և հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարության` Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ–ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով», – ընդգծեց Փաշինյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահն օրերս արված հայտարարության մեջ հանդես է եկել հերթական սպառնալիքներով Հայաստանի հասցեին։ «Մենք զբաղեցրել ենք ռազմավարական բարձունքներ։ Մենք Սևանի ափին ենք։ Մենք տեսնում ենք Գորիսը, Ջերմուկը, Կապանը», – ասել է նա։–0–