Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջնական տեսքի բերել ու ստորագրել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, խաղաղության պայմանագիրը պետք է բերել վերջնական տեսքի արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա և տորագրել:
«Ադրբեջանի նախագահն ինքը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին և Ալմաթիի հռչակագրին: Նաև Բրյուսելի, Սոչիի, Պրահայի հայտարարություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք» – ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի Աահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:
«Կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում», – ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2018-ից հետո՝ 2019 թվականին, և Հայաստանի օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ։
Մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել»,- ասաց վարչապետը: