Ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղի բնակչի 120 ոչխարները, որոնք գնվել են վարկով, վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները.ՄԻՊ

19.08.2021, 12:55
Ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղի բնակչի 120 ոչխարները, որոնք գնվել են վարկով, վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները
Ադրբեջանցիները գողացել են Տեղ գյուղի բնակչի 120 ոչխարները, որոնք գնվել են վարկով, վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները.ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Տեղ գյուղի բնակչի վարկով գնած 120 եղջերավոր կենդանիներին ադրբեջանական զինծառայողները հափշտակել ու չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը պահանջում է վճարել վարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։ 

Չնայած հափշտակված սեփականությունն այլևս չկա, տիկին Բաղդասարյանը վարկային կազմակերպությանը շարունակում է նույն պայմաններով վճարել գումարը և վերջնական մարումների համար դեռ 3 տարի ունի: 

Կինն այս պահին անտոկոս վարկ ստանալու հարցում դժվարություններ ունի, քանի որ որդին մեկ ամիս ուշացրել է վճարումը հենց այն ժամանակահատվածում, երբ պատերազմի ժամանակ գտնվել է սահմանին: 

«Տիկին Բաղդասարյանը Տեղ համայնք իմ այցի ընթացքում տեղեկացրեց, որ հատուցման համար դիմել է ՀՀ Սյունիքի մարզպետարան և 120 ոչխարի համար ստացել է ընդամենը 100.000 ՀՀ դրամ հատուցում: Բայց այս հարցերն այնպիսին են, որ համակարգային լուծում են պահանջում», – նշել է Թաթոյանը: 

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքների պատճառով բազմաթիվ մարդիկ են ընկել այսպիսի պատմությունների մեջ: 

Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եկամուտը վաստակելու հնարավորությունից և բախվել են սոցիալական լուրջ խնդիրների: 

Թաթոյանը նշել է, որ իրենք արձանագրել են այս այցի ընթացքում վեր հանված խնդիրները: 

«Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար: Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի», – նշում է Թաթոյանը:–0–