Ադրբեջանցին եկել է, տեսել է մարդ չկա, հասել է Տեղ գյուղի սահման. Գեղամ Մանուկյան (ՎԻԴԵՈ)
14:26
07 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցին եկել է, տեսել է մարդ չկա, հասել է Տեղ գյուղ սահման, հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողին այսօր ԱԺ–ում։
Նա թղթի վրա ցույց է տվել, թե որտեղ են տեղակայվել ադրբեջանցիները և որտեղ են տեղակայվելու Հայաստանի սահմանապահները։
«Ադրբեջանցին տեսել է՝ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական տարածքներ։ Սրանից հետո ի՞նչ են բանակցում։ Ուղեղ ունեցող երկրի ղեկավար ունենալու դեպքում նշյալ հատվածներում ապահովական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ», – ասել է Մանուկյանը։
Նախորդ շաբաթ Ադրբեջանը հայկական տարածքում 100–300 մետր ավելի առաջ է տեղակայվել Տեղ–Կոռնիձոր հատվածում, սակայն ավելի ուշ ԱԱԾ–ն հայտնեց, որ բանակցությունների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Նախօրեին կառավարության նիստից առաջ Փաշինյանը բացեց փակագծերը` նշելով, որ որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։–0–