ԱՆ-ն կոչ է անում չվախենալ բանաններից և չտարածել ապատեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այս պահին իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է, նոր կորոնավիրուսային վարակով դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ համագործակցված շահագրգիռ կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:
Հունվարի 27-ից Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:
ՀՀ ԱՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:
« Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն: Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր»,- հայտնում է գերատեսչությունը:
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից:
Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք:
Ըստ չինական աղբյուրի՝ փետրվարի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կասկածելի 23260 դեպք, հաստատված 24367 դեպք` 492 մահվան ելքով, առողջացել է 898 հիվանդ:-0-