ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ:
«Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՆ–ի Facebook–յան էջում:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։
Նախօրեին սոցցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էին պարկերի մեջ դրված դիեր և մասունքներ, որոնք դրված են Դատաբժշկական կենտրոնի հատակին։ Այդ լուսանկարները մեծ աղմուկ էին առաջացրել հասարակության շրջանում։
Արցախում զոհված զինծառայողների ծնողները նախօրեին փակել էին Հերացի փողոցը, նրանք հայտարարել էին զոհերի մարմինների և մասունքների թվի հետ կապված անճշտությունների մասին։ Կան կասկածներ, որ իշխանությունները երկար ժամանակ թաքցրել են պատերազմի զոհերի մասունքներն արդյունաբերական սառնարաններում` ավելորդ աղմուկից խուսափելու համար։
Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ մի շարք դեպքերում հարազատներին տալիս են զոհերի մասունքները հուղարկավորելու համար, բայց ավելի ուշ հայտարարում են, որ հայտնաբերվել են մարմնի այլ մասեր, որոնք համընկնում են ԴՆԹ–ով։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ։–0–