ԱԺ–ում տրանսգենդեր կնոջ ելույթը զայրացրել է Նաիրա Զոհրաբյանին (ՎԻԴԵՈ)
20:10
05 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ազգային ժողովում կայացել են «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ, որի ժամանակ տրանսգենդեր կին է ելույթ ունեցել։
Այդ ելույթը հունից հանել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
Տրանսգենդեր կինը ներկայացել է` որպես Լիլիթ Մարտիրոսյան ու հայտարարել, որ ինքը տրանսգենդեր կին է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։
«Խնդրում եմ, ինձ ընդունել որպես հավաքական կերպար. ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, մահափորձի ենթարկված, սպանված, թալանված գործազուրկ հայ տրանսգենդերի կերպարը», - նշել է տրանսգենդերը`կոչ անելով ձեռնամուխ լինել գենդերային հավասարության։
Տրանսգենդերի ելույթը արժանացավ ծափերի, սակայն բարկացրեց նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանին, ով հայտարարեց, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։
«Դուք խախտել եք մեր օրակարգը, ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք իր, Ազգային ժողովի և հանձնաժողովի նկատմամբ։ Չի կարելի խախտել օրակարգը, որը հստակ սահմանված էր», - հայտարարեց Զոհրաբյանը։
Տրանսգենդեր կինն էլ իր հերթին տեղից վեր կացավ` փոքրաթիվ խմբով լքելով ԱԺ դահլիճը։–0–