ԱԺ նախագահ. Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար

24.01.2022, 10:59
Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար
ԱԺ նախագահ. Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

Загружается новость ... "Лево"

Նա մասնավորապես նշեց, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված:

«Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Սիմոնյանը:

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշեց համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018թ.–ի ապրիլի 9–ին։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, որին ընտրեց խորհրդարանը 2015թ.–ին խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։–0–