ԱԳ փոխնախարարի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե 1–2 տեղ հայկական զորքն է սահմանային տարածքներում

15.05.2023, 15:49
Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը, նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը
ԱԳ  փոխնախարարի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե 1–2 տեղ հայկական զորքն է սահմանային տարածքներում
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, թե մեկ-երկու տեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց 2023թ. Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ասուլիսում, անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ դեսպան Վիկտորինն ասաց. «Հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»:

Загружается новость ... "Лево"

Անդրադառնալով ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ երկու կողմերն էլ պետք է զորքերը հանեն՝ դեսպանն ասաց. «Շատ հստակ նշվել է՝ մեկ-երկու կետ կա, որտեղ և հայկական զորքերն են սահմանային տարածքներում: Եվ շատ հստակ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի: Դա է եղել Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը»:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց հավանաբար խոսքը վերաբերվում է առաջին պատերազմին ԼՂ-ում: Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել: Բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը»,-նշեց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ ըստ երևույթին դա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին: «Բայց այստեղ բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է, դրան անդրադարձել են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, այլ գործընկերները»,-ասաց Հովհաննիսյանը:–0–