8 անձ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաներ մոտ 74 մլն դրամի չափով ծխախոտի ապօրինի ներմուծում են իրականացրել. քրեական վարույթը դատարանում է
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել ութ անձի, այդ թվում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին և մի շարք այլ զինծառայողների, Իրանից առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 74 մլն դրամի, առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի ապօրինի ներմուծման և հարկեր չվճարելուն օժանդակելու համար։
Կոմիտեի տեղեկացմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը, ապօրինի ներմուծումն իրականացնելու նպատակով, դիմել է ՊՆ հրամանատարին և մեկ այլ ծառայողի։
Պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց իշխանական լիազորությունները, հանձնարարել են մարտական հենակետի ծառայողներին՝ չխոչընդոտել ԻԻՀ-ից 2.6 մլն գլանակ ծխախոտի ապօրինի տեղափոխմանը։
Ծխախոտը սահմանից անխոչընդոտ տեղափոխելու համար տրամադրվել է զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։
Ապօրինի տեղափոխված ծխախոտը հայտնաբերվել է, զորամասի մարտական հենակետի ծառայողները ձերբակալվել են 2025 թվականի մայիսի 31-ին Ագարակ բնակավայրում՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

