600 մլն դրամ՝ Երևանի ամանորյա ձևավորման համար․ մայր տոնածառը կունենա նոր ճյուղեր և լույսեր
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, հատկացվել է 600 մլն դրամ։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Նրա խոսքով՝ ամանորյա ձևավորումների բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի՝ 600 մլն դրամ․
«Էլի 600 մլն դրամ է նախատեսված։ Այդ բյուջեի շրջանակներում են իրականացվելու աշխատանքները։ Տարբեր լոկացիաներ են՝ Հաղթանակի կամուրջ, Թումանյան փողոց, Սարյանի պուրակ, Կոնսերվատորիայի պուրակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոց, 2750-ամյակի այգին», – ասել է Առաքելյանը։
Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակում տեղադրվող տոնածառին՝ այն որոշակիորեն տարբերվելու է նախորդ տարիների տարբերակից։
«Այս տարի հայտարարվել է նաև մայր տոնածառի նոր ճյուղերի և լույսերի մատակարարման մրցույթ։ Տոնածառի կարկասը՝ մետաղական մասը նորմալ վիճակում է, հետևաբար այն փոխելու անհրաժեշտություն չունի։ Ճյուղերն ու լույսերը փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել։ Նոր ճյուղեր, նոր լույսեր են լինելու մայր տոնածառի վրա։ Մշակութային միջոցառումներ ևս նախատեսվում են, սուրբծննդյան տոնավաճառի ընթացքում համերգներ կլինեն», – նշել է Առաքելյանը։
Նրա խոսքով, Երևանի 2750-ամյակի այգում սուրբծննդյան տոնավաճառ կլինի։
«Աշխատանքներն ընթացքի մեջ են, թե երբ կկազմակերպվի լույսերի վառման արարողությունը, աշխատանքների ընթացքը ցույց կտա», – ասել է նա։
Առաքելյանի խոսքով՝ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում նույնպես տեղադրվելու են նոր ոճի տոնածառեր․
«Տոնածառերի տեղադրումն իրականացվելու է մեր ՀՈԱԿ-ի կողմից, դարձյալ ունենալու ենք նոր ոճ՝ նոր ճյուղեր, նոր լույսեր, նոր գագաթներ։ Վարչական շրջաններում կախվող լույսերը կամ ձևավորման այլ աշխատանքները, բացառությամբ տոնածառերի, իրականացվելու են վարչական շրջանների կողմից», – նշել է նա։

