6 անձ ձերբակալվել է Նոր Նորքի թաղապետարանի միջադեպի առթիվ․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նոր Նորքի թաղապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպով 6 անձ ձերբակալվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար», – նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Չախոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ունի ձերբակալվածի կարգավիճակ, թաղապետը ձերբակալվածների թվում չէ։
Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։