500 000 դրամի ոսկյա զարդեր և 40 000 դրամ. տղամարդը գողություն էր կատարել համագյուղացու տնից

03.12.2024, 18:17
Նա խոստովանել է, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է 57-ամյա համագյուղացու տուն
500 000 դրամի ոսկյա զարդեր և 40 000 դրամ. տղամարդը գողություն էր կատարել համագյուղացու տնից

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սեպտեմբերին գողություն է կատարել համագյուղացու տնից, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ դեկտեմբերի 2-ին քրեական ոստիկանները Լենուղի գյուղում ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել 46-ամյա տղամարդուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսվա վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է 57-ամյա համագյուղացու տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: