44–օրյա պատերազմի հետևանքով ունեցել ենք 3781 զոհ, 253–ն անհետ կորած է.ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Այսօր Հայաստանն ու Արցախը ոգեկոչում են նախորդ տարի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի կողմից սանձարզերծած 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։
2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի դեմ իրականացրեցին ագրեսիա ռազմաճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային սպառազինության, ծանր զրահատեխնիկայի, մարտական ավիացիայի և արգելված զինատեսակների (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) կիրառմամբ: Հաւրվածներ հասցվեցին, այդ թվում՝ Հայաստանի տարածքի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին:
2020 թ. նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հայտարարություն ստորագրեցին Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Ըստ փաստաթղթի, կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա: Ադրբեջանին են անցնում Շուշիի, Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները՝ բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով, և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ անձանց,ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում, ինչը, սակայն, Ադրբեջանը մինչև հիմա չի կատարում: Ադրբեջանում են պահվում բազմաթիվ հայ գերիներ։
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում ստորագրեցին համատեղ հայտարարություն ՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը:-0-