2028 թ.-ին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու. նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը ըստ էության, վերաբերում է բոլորին: 2026թ.-ի պետբյուջեում արդեն իսկ արտահայտված է 2026թ.-ին առաջին փուլին մեկնարկային բյուջետային միջոցների հատկացումը։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ նախագծային փաթեթն այս շաբաթ կառավարության կողմից կհաստատվի, մինչ տարեվերջ փաթեթն ընդունելով, 2026թ.-ի հունվարից արդեն կմեկնարկի առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլը։
«Այն 3 տարվա ընթացքում է իրականացվելու: Այսինքն՝ 2028 թվականին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու, բայց մինչ այդ մենք, տարեցտարի ավելացնելով ապահովագրվածների շրջանակը, անցում կկատարենք պետպատվերից դեպի ապահովագրություն»,-ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով, 2026-ին պետպատվերը՝ որպես միջոցառում, արտահայտված է պետական բյուջեում, և բոլոր այն խմբերը, որոնք առաջին կամ երկրորդ տարում դեռ չեն ներառվելու ապահովագրության մեջ, ըստ նախարարի՝ կշարունակեն օգտվել պետական պատվերի իրենց ծառայությունների շրջանակից:
«2026-ից առաջին փուլով պետական բյուջեի միջոցներով ներառվող խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական անապահովության՝ 28 միավորից ավելի ունեցող ընտանիքները ևս ներառվելու են ապահովագրության շրջանակում: Սա է պետության քաղաքականությունը՝ առաջնահերթ լուծելու մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց և այս խոցելի խմբերի ապահովագրական խնդիրը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ առաջին փուլով կներառվեն նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք:

