2020թ.-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան

18.12.2019, 10:50
2020թ.-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան
2020թ.-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան

ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանին:

Նշենք, որ այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետև յուրաքանչյուր ժամվա վճարը ավտոմեքենաների համար 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, ինչի արդյունքում մեքենաների կուտակումներ են լինում:

Եվ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար` օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն` նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած` գործող սակագնից ավելի շատ կվճարեն:

Օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներկայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն` գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով: -0-