ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա երկուշաբթի 19։00–ին Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Երկուշաբթի կեսօրին Բաղրամյան պողոտայում խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշն ու շարժվել դեպի ՀՀ ԱԺ–ի շենք։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և փշալարեր։ Վնասվածքներ են ստացել մի քանի ցուցարարներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև երեք ոստիկան։
«Հանրահավաքը կանցկացնենք Ֆրանսիայի հրապարակում, այն կսկսվի 19։00–ին։ Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին միանալ հանրահավաքին և շարունակել մեր պայքարը մինչև վերջ»,– հայտարարեց Փաշինյանը։
Մինչ այդ Փաշինյանը դիմեց նաև ոստիկաններին, ովքեր ևս գտնվում են Բաղրամյան պողոտայում և արգելափակում են դեպի ԱԺ տանող ճանապարհը։ Փաշինյանը մասնավորապես նշեց, որ նա ցուցարարների հետ պայքարում է այդ թվում հանուն ոստիկանների ապագայի։
«Այսօրվա բախումից հետո անգամ ոստիկանների նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել», – հայտարարեց Փաշինյանը։
Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։–0–