12,4մլն դոլարի տուգանք է առաջադրվել ապրիլից հոկտեմբեր ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքների արդյունքում․ ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքների արդյունքում ապրիլից հոկտեմբեր առաջադրվել է 4.8 մլրդ դրամի տուգանք։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն:
Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ երեք հարկ վճարողի մասով իրականացված նախնական հաշվարկներով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 240 մլն դրամ։
Նյութերը փոխանցվել են հետաքննչական մարմին` քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:
ՊԵԿ–ից նշում են, որ հսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրենսդրության շրջանակում։

