ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի` ապամոնտաժումը, որի մասին որոշումն ընդունել է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի պատմության «լուռ ցեղասպանության» հերթական դրսևորումն է, կարծում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Այնպիսի շենքերի ապամոնտաժումը, ինչպիսիք են Սպայի տունը, Երիտասարդության պալատը, որը երևանցիները «կուկուռուզնիկ» են անվանում, և շատ այլ շինություններ, որոնց այժմ ավելացել է նաև Երևանի այցեքարտ համարվող «Զվարթնոց» օդանավակայանը, քաղաքի պատմությանն անդառնալի վնաս է հասցնում։ Այնպես է ստացվել, որ ամենալուրջ վնասը քաղաքին հասցվել է հենց անկախության տարիներին»,– ուրբաթ լրագրողներին ասաց Դանիելյանը։
Ըստ նրա, քաղաքների կենտրոնները բազմաթիվ երկրներում վերածում են պատմական գոտու, իսկ Երևանում այդ ամենը զոհաբերվում են հանուն բիզնեսի։ Նա ասաց նաև, որ լուրեր են պտտվում Հայաստանի ազգային պատկերասրահը տեղափոխելու մասին, ինչը կխախտի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը։
2013 թվականի ապրիլին հայկական «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան օդանավակայանի հին շենքն ապամոնտաժելու համար։ Ընկերությունում հղում են անում փորձագետների գնահատականներին, որոնց համաձայն, օդանավակայանի շենքը ֆիզիկապես մաշված է, և դրա վերականգնման համար կպահանջվի 15-20 մլն դոլար։
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտնեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 24–ին ընկերությանը թույլատրվել է նախագծման աշխատանքներ կատարել։ Հաշվի առնելով տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության զեկույցը` թույլատրվել է ապամոնտաժել օդանավակայանի հին համալիրի օղակաձև էստակադը։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ վատ տեսանելիության դեպքում բոլոր չվերթերը կիրականացվեն Գյումրու «Շիրակ» պահուստային օդանավակայանի միջոցով։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում