Զինապարտներին խոշոր կաշառքի դիմաց կեղծ ախտորոշումներ են «գրվել», մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

09.08.2019, 12:26
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր:
Զինապարտներին խոշոր կաշառքի դիմաց կեղծ ախտորոշումներ են «գրվել», մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:

Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում,  2000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Կատարվում է նախաքննություն: -0-