Հայաստանն ընդլայնում է իր զբոսաշրջային հորիզոնները և նախատեսում դուրս գալ նոր շուկաներ

29.11.2024, 11:50
2025 թ Հայաստանը նախատեսում է «նվաճել չնվաճված» միջազգային զբոսաշրջային շուկաները, ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը
Հայաստանն ընդլայնում է իր զբոսաշրջային հորիզոնները և նախատեսում դուրս գալ նոր շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թ Հայաստանը նախատեսում է «նվաճել չնվաճված» միջազգային զբոսաշրջային շուկաները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթ ուղղությունը Չինաստանն է։

«Մենք ակնկալում ենք համագործակցություն այս երկրի խոշորագույն տուրիստական ​​ընկերությունների հետ։ Ինչպես գիտեք, արդեն գործում է Երևան-Ուրումչի ուղիղ չվերթը, ինչը կարող է նպաստել դրան։ Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմ է սահմանված, այսինքն, բերրի հողն արդեն պատրաստ է, որ մենք կարողանանք այս ուղղությունը զարգացնել»,-ասել է նա։

Նա հայտնել է, որ եթե հաջորդ տարի կարողանան Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավվել, կարելի էհամարել, որ 2025թ Զբոսաշրջության կոմիտեն հաջող աշխատանք է իրականացրել։

Գևորգյանը նշել է, որ 2025 թվականի բյուջեով նախատեսված են մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

«Հունվարի 28-ին նախատեսում ենք մասնակցել «Fitur Madrid» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, արդեն կա հայկական ստենդ, աշխատանքներ են տարվում դիզայնի վրա։ Այնուհետև, նախատեսում ենք մասնակցել «ITB Berlin» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, նախատեսում ենք հայկական ստենդ տեղադրել ճապոնական Օսակայում, որն այնտեղ կգործի մեկ տարի»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ նախատեսվում է կազմակերպել նաև ազգային ուտեստների, խմիչքների և տարազի օրեր։

«Ցանկություն կա նաև այս օրերին խմիչքների համտես անցկացնել և ազգային երգ ու պար կազմակերպել»,-նշել է Գևորգյանը։