Երևանցիներն այսօր քաղաքապետ են ընտրում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում մեկնարկել են Ավագանու արտահերթ ընտրությունները: Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 475 ընտրատեղամասերը: Ընտրությունները կավարտվեն 20:00-ին:
Երևանի քաղաքապետի պաշտոնը մնաց թափուր հուլիսի 9–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: Հայտնի են նաև քաղաքական ուժերի համարները քվեաթերթիկներում.
1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան
2. «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան
3. «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան
4. «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան
5. «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան
6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան
7. «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության
8. «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան
9. «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան
10. «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան
11. Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան
12. «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան
Ինչպե՞ս է ընտրվելու նոր քաղաքապետը
Ավագու ընտրությունները կարող են անցկացվել ինչպես մեկ փուլով, այնպես էլ երկու: Եթե Ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է տեղերի ավելի քան 50%–ը, ապա այդ կուսակցության ցանկը գլխավորած թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրված պահանջներին, հրաժարվում է պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում Ավագանու խորհրդի տեղերի ավելի քան 50%–ը, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ։
Իսկ եթե խմբակցության թեկնածուներից ոչ ոք չի հավաքում ձայների բացարձակ մեծամասնություն, ապա առաջին փուլում ավելի շատ ձայն հավաքած թեկնածուների մասնակցությամբ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլը և հաղթում է ձայների զուտ մեծամասնությունը հավաքած թեկնածուն։ Իսկ եթե նրանք ստանում են հավասար թվով ձայներ, ապա նախապատվությունը տրվում է տարիքով ավելի մեծ թեկնածուին։ Նա դառնում է Երևանի նոր ընտրված քաղաքապետ։
Միաժամանակ, ընտրությունների երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են հիմնական քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։
Նշենք նաև, որ եթե ընտրությունների առաջին փուլում ներկայացված է միայն մեկ թեկնածու քաղաքապետի պաշտոնում, ապա նրան տրված «կողմ» ձայները պետք է ավելի շատ լինեն «դեմ» ձայներից։ «Կողմ» պետք է քվեարկի Ավագանու խորհրդի անդամների ընդհանուր թվի ավելի քան 40%–ը։
Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ներառված է 850 124 մարդ։–0–