Երևանցիներին ուրախացրել է Հայկ Մարությանի «ֆեյքային» գրառումը
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկ Մարությանի Facebook–յան էջում երեքշաբթի հայտնվեց գրառում, որն իրարանցում առաջացրեց երևանցիների և լրատվամիջոցների շրջանում։
Հրապարակման մեջ Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթած Հայկ Մարությանն իբր խոստացել էր երևանցիներին, որ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր։
«Սիրելի երևանցիներ, մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր !!! Չի լինի գեթ մեկ «գազել» մակնիշի երթուղային տաքսի։ Ներմուծվելու են նոր չինական ավտոբուսներ, շատ հարմարավետ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար», –նշվում է գրառման մեջ։
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այս էջը «ֆեյք է», այդ թվում` այնտեղ հրապարակված գրառումը, ինչի մասին միանգամից սկսեցին տեղեկություն տարածել «Իմ քայլը» դաշինքի կողմնակիցները։
Կիրակի կայացած ընտրություններն անցկացվել են 475 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։ Երկուշաբթի հրապարակված ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ամենից շատ ձայներ ստացել է «Իմ քայլը» դաշինքը (ցուցակի առաջին տեղում Հայկ Մարությանն է)` 81,5%, ԲՀԿ–ն (Նաիրա Զոհրաբյան)` 6,95% և «Լույս» դաշինքը (Արտակ Զեյնալյան)` 4,99%։ Քվեարկության վերջնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 30–ին։ «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե Ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է մանդատների ավելի քան 50%–ը, ապա այդ կուսակցության ցանկը գլխավորած թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։–0–

