Քիմ Քարդաշյանը մեղադրել է Wall Street Journal–ին Հայոց ցեղասպանության ժխտումը քարոզելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեղադրել է Wall Street Journal–ին գովազդային հոդվածի հրապարակման մեջ, որը ժխտում է 1915 թ.–ի Հայոց ցեղասպանությունը։
«Փողերը խոսում են, և հիմա նրանք ստում են։ Ընտանիքս և ես սովոր ենք մամուլի աղբին։ Սովորել ենք ուշադրություն չդարձնել։ Ստի միջոցով լավ վերնագրեր են ստեղծվում, լավ վերնագրերը վերածվում են հիանալի շապիկների, որոնց շնորհիվ վաճառվում են ամսագրերը։ Սակայն երբ ես լսեցի Wall Street Journal–ի` Հայոց ցեղասպանության ժխտման գովազդի մասին, չկարողացա ուշադրություն չդարձնել», – գրել է Քարդաշյանն իր կայքում։
Նրա խոսքով` գովազդի դիմաց վճարել է թուրքական հարթակը։ Քարդաշյանը չի նշել խմբի կայքը, քանի որ չի ցանկանում ավելացնել նրանց այցելուների թիվը։ Իսկ հոդվածի իմաստն այն է, որ ցեղասպանության ժամանակ այդքան էլ մեծ թվով մարդիկ չեն մահացել, որքան նշում են պատմաբանները, և այդ ամենի մեղավորը հայերն են։
«Նման հոդվածի հրապարակումն անխոհեմ, տհաճ և վտանգավոր քայլ է Wall Street Journal–ի համար։ Մի գործ է, երբ քոսոտ տաբլոիդն օգուտ է քաղում հորինված սկանդալից, սակայն ամոթալի և անընդունելի է նման հեղինակավոր ամսագրի համար օգուտ քաղել ցեղասպանությունից։ Ինչու՞ է լինում այնպես, երբ մենք մեկ քայլ անելիս երկու քայլ հետ ենք գնում», – նշել է Քարդաշյանը։
Նա նաև ավելացրել է, որ Wall Street Journal–ի ներկայացուցիչը հոդվածի հրապարակման փաստը բացատրել է նրանով, որ ամսագիրն ընդունում է տարբեր տեսակի գովազդ, որը կարող է պարունակել նաև պրովոկացիոն տեսակետներ։ «Գովազդը դիտարկում ենք ճաշակի տեսակետից, իսկ տարբեր և հակասական տեսակետները պատկանում են գովազդատուներին», – նշել է ամսագրի ներկայացուցիչը։
«Այս ամենն անպատասխանատու քայլ է բարոյական տեսակետից, ավելին`վտանգավոր։ Եթե այս ամենը վերաբերեր Հոլոքոստի ժխտմանը կամ 9/11 դավադրության տեսությանը, արդյոք նրանք կտպագրեի՞ն նման հոդված», – գրել է Քարդաշյանը։
Հեռուստաաստղը նշում է, որ շատ պատմաբաններ համոզված են, որ եթե Թուրքիան պատասխանատվություն կրեր Հայոց ցեղասպանության համար և դատապարտվեր, ապա Հոլոքոստ չէր լինի։
«1939 թ.–ին, Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասաց. «Ո՞ վ է հիմա հիշում հայերի ոչնչացման մասին»։ Մենք ենք խոսում, մենք պետք է խոսենք։ Պետք է խոսենք մինչև Հայոց ցեղասպանությունը չճանաչվի մեր կառավարության կողմից, քանի որ երբ ժխտում ենք մեր անցյալը, վտանգում ենք մեր ապագան», – գրել է Քարդաշյանը։
Նրա խոսքով` ստելով փողի, վախի կամ իշխանության պատճառով ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում են նրան, որ ճշմարտությունը կարևոր չէ։ «Պետք է պատասխանատու լինենք այն ուղերձի համար, որը փոխանցում ենք մեր երեխաներին։ Պետք է հարգենք պատմական ճշմարտությունը` նրանց ապագան պաշտպանելու համար», – գրել է Քարդաշյանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-