Որոշել ենք սահմանել նոր հասկացություն` միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել նոր հասկացություն` միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ.–ի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ։
«Կարևորագույն խնդիրն աշխատանքի խրախուսման կարևորագույն որոշումն է, որ մենք որոշել ենք սահմանել մի այսպիսի նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամ շրջանառության շրջանակում՝ մինիմում շեմը 20 մլն դրամ կլինի, մաքսիմումը՝ 24 մլն դրամ, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ», – հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը` նշելով, որ դեռ ընթանում են քաղաքական քննարկումներ, դեռ հաշվարկների և քննարկումների փուլ է:
«Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ ոլորտների հետ կապված, կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը: Սա ես առանձնահատուկ շեշտում եմ, որովհետև, ըստ էության, կա երկու մոտեցում, որ մենք միկրոբիզնեսով զբաղվող և իրենց կարիքները հոգալ չկարողացող կամ խնդիրներ ունեցող մարդկանց ասենք՝ գիտեք ինչ, մենք ընտրություններից առաջ, չակերտավոր ասած, ձեզ կօգնենք, ընտրակաշառք կբաժանենք կամ չգիտեմ ինչ-ինչ այլ մեթոդներով կաջակցենք: Մենք փոխարենն ուրիշ ճանապարհով ենք գնում, ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացը և ձեր ընտանիքի բարեկեցությունը», – նշեց Փաշինյանը։
Նա կարևորեց նաև այն փաստը, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի։
«Նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ ուղղակի 5000 դրամ հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը, այսինքն՝ առավել շահավետ պայմաններ ունենալ», – ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։–0–