Ո՞ր թվականին ծնված երեխաներին է նախապատվություն տրվելու մանկապարտեզներում. պարզաբանում
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը պարզաբանում է ներկայացրել մանկապարտեզների հերթագրման և ընդունման գործընթացի կազմակերպման մասին։
Ինչպես նշվում է Բարաղամյանի Facebook–յան էջում տեղադրված պարզաբանման մեջ, 2017 թվականի սեպտեմբերին մանկապարտեզների ընդունելությունը կկազմակերպվի ամսի 1-ից -10-ը:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ կընդունվի շուրջ 9000 երեխա: Առաջնահերթությունը տրվելու է «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում հերթագրված 2012, 2013թթ. ծնված երեխաներին: 2014թ. ծնվածների դեպքում կընդունվեն այն հերթագրված երեխաները, որոնց 3 տարին արդեն լրացել է», – նշվում է պարզաբանման մեջ։
Քաղաքապետարանից նաև նշում են, որ հերթագրված այն երեխաները, որոնց 3 տարին կլրանա հաջորդող ամիսների ընթացքում, համապատասխանաբար կընդունվեն յուրաքանչյուր ամսվա ընդունելության համար սահմանված օրերին:
«Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու տարիքից փոքր երեխաներին չհերթագրելուն», – նշվում է պարզաբանման մեջ։
Երեխայի հաշվառումը մանկապարտեզում կկատարվի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո (կրտսեր տարիքի 1-ին խումբ /2-3 տարեկան/ կընդունեն միայն այն մանկապարտեզները, որոնք ունեն կրտսեր տարիքային խումբ):
««Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում երեխան կարող է հաշվառվել միայն մեկ մանկապարտեզում: Այլ մանկապարտեզ հաճախելու դեպքում, երեխայի անձնական տվյալները նախորդ մանկապարտեզի հերթագրման ցանկից հանվում են՝ ծնողի դիմումի համաձայն: 2016թ. և 2017թ. ծնված երեխաները, ովքեր նախկինում հերթագրվել են, չեն հանվի էլեկրոնային համակարգից, հաշվառումը կպահպանվի մինչև մանկապարտեզ հաճախելու համապատասխան տարիքը (2 կամ 3 տարեկան) լրանալը», – նշվում է Բարաղամյանի տարածած պարզաբանման մեջ։–0–