ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան ցեղասպանության և ժողովրդավարության անտեսման մեջ մեղադրող երկրները կանգնած են զանգվածային սպանությունների և խոշտանգման բոլոր հայտնի փաստերի հետևում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է Лента.ру-ն` վկայակոչելով Anadolu-ի Twitter-ին:
«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին սադրիչ հայտարարություններով հանդես եկող ոչ մի երկիր չի ձգտում պաշտպանել ճշմարտությունը», - հայտարարել է Էրդողանը:
Նա հիշեցրել է 1994 թ.-ին Ռուանդայում իրականացված ցեղասպանության մասին, որի զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 500-ից մեկ միլիոն մարդ:
«Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, որ Ռուանդայի ցեղասպանությունն իրականացրել են ֆրանսիացիները: Այսօր նույն Փարիզը փորձում է Թուրքիային պատմություն սովորեցնել», - նշել է Էրդողանը:
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայող ցեղասպանութունը 2001 թ.-ին:
Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։
1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ–ի 49 նահանգները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–