Տոներն են մոտենում. հրապարակվել են սուրբծննդյան տոնավաճառը հրապարակի հետ կապող կամրջի պատրաստման կադրերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված են հրապարակը սուրբծննդյան տոնավաճառի հետ կապող կամրջի կառուցման աշխատանքները:
«Հանրապետության գլխավոր հրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Էս պահին անգարում զոդվում է կամուրջը, որը կկապի գլխավոր տոնածառը Սուրբծննդյան տոնավաճառի ճեմուղու հետ»,- գրել է Հակոբ Կարապետյանը:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ «Ամանոր 2020» միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ՝ հայկական երգերի ու համաշխարհային ամանորյա հիթերի կատարումների ներքո:
Երեկոյի անակնկալը կլինի հայ էստրադային երգիչների մասնակցությամբ հետաքրքիր մյուզիքլը:
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո Երևանի 2750-ամյակի այգում կբացվի սուրբծննդյան տոնավաճառ, որը կգործի մինչև 2020թ.-ի հունվարի 13-ը: Այստեղ ամեն օր կլինեն հետաքրքիր ծրագրեր. անցկացվելու են մանկական ներկայացումներ և այլ հետաքրքիր նախագծեր: Իսկ գլխավոր տոնածառին քաղաքացիները կմոտենան կառուցվող հատուկ վերգետնյա անցումով, որը հրապարակը կկապի Երևանի 2750-ամյակի այգուն: Իսկ հունվարի 5-ին հատուկ ծրագիր կլինի մանուկների համար։
Կեսգիշերն անց տոնախմբող քաղաքացիներին կմիանա սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչն՝ իր երգչախմբով:–0–

