ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ուսանողներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիաներ և դասադուլ են կազմակերպում տարկետման սահմանափակման դեմ։

Ուսանողները մասնավորապես դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը` պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։
Այսօր ուսանողները երթով շարժվել են դեպի ԿԳ նախարարություն և պահանջել հանդիպում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։ Վերջինս համաձայնել է ընդունել նրանցից 10–ի հետ։ Միաժամանակ նշվում է, որ հանդիպմանը կարող են ներկա գտնել նաև լրատվամիջոցները։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։–0–