ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարզերում օրերս սպասվում են առատ տեղումներ` ձյան տեսքով։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ուշադրություն, հատկապես վարորդներին։ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց», – հայտնել է Սուրենյանը։
Ինչպես հաղորդել էր օդերևութաբանն ավելի վաղ, Սկանդինավիայի շրջաններից ձմեռ բերող ցիկլոնը ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։–0–